MENU

            Հազարամյակների պատմություն ունեցող այս բնակավայրը շատ արհավիրքներ է տեսել: Բազմիցս այրվել է հրդեհների բօցերի մեջ, բազմիցս ասպատակվել, բայց կրկին ու կրկին փլատակներից վերածնվել է:

            Անտիկ աշխարհի պատմության մեջ հիշարժան էջեր թողած Գառնին մեր օրերում նորից է ծնվել, որպեսզի իր խոսքն ասի տխուր անցյալի, երջանիկ ներկայի ու բազմախոստումնալից ապագայի մասին:

            Պտղատու այգիներով շրջապատված երկհարկանի տներ, ասֆալտապատ լայն փողոցներ, կանաչ պուրակներ. Ահա ներկայիս Գառնին: Գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, հիվանդանոց, հեռախոսակայան…

            Գառնիի բերդը նախաքրիստոնեական Հայաստանի բազմադարյան մշակույթի ցայտուն վկայություններից մեկն է: Գառնիի հուշարձանների գիտական և գեղարվեստական նշանակությունը դուրս է գալիս ազգային մշակույթի շրջանակներից: Գառնիի հուշարձանների ճարտարապետաշինարարականարվեստի բարձր մակարդակը պատահական չէ: Նախաքրիստոնեական Հայաստանն ուներ իր սեփական, զարգացած ճարտարապետությունը:

            Գառնիի մասին գրավոր առաջին հիշատակության հեղինակը Ուրարտուի թագավոր Արգիշտի 1-ինն է: Նախքան հիմնելը նա նվաճում է Գեղամա լեռնաշղթայի ստորոտի այս հողերը, որի մասին բազալտի վրա արված սեպագրությունը գտնվում է հեթանոսական տաճարի մոտ, զառիթափի եզրին: Քարը գտնվել է հիսունական թվականներին, հնագիտական պեղումների ժամանակ: Գրությունն ասում է, որ Արգիշտին նվաճել է <<Գառնիանի երկիրը>>, որտեղից ել սկիզբ է առել Գառնի անունը:

            Գառնիի բերդի մյուս հինավուրց հիշատակության հեղինակը հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տացիտն է: Գառնիում շինարարական և վերականգնման աշխատանքների մասին հայտնում է <<հայկական պատմագրության հայր>> պատմիչ Մովսես Խորենացին:

            Մ. թ. ա. 3-րդ դարում կառուցված Գառնիի բերդն ավելի քան հազար տարի գոյատևել է իբրև պաշտպանական հզոր համակարգ…

            Մ. թ. ա. 2-րդ դարից բերդը հայ թագավորների ամառային նստավայրը դարձավ: Մ. թ. ա. 59 թվականին հռոմեական լեգիոնները ավերեցին ամրոցը, սակայն 77 թվակականին Տրդատ 1-ինը վերականգնեց այն: 8-րդ դարում բերդը զգալիորեն տուժեց արաբների արշավանքից: երկու դար ավերակ մնաց, մինչև որ Աշոտ Բագրատունի թագավորի հրամանով հարություն առավ:

            Հայաստանի պատմությունը հագեցած է ողբերգական իրադարձություններով: Հզոր ու արյունարբու նվաճողները բազմիցս են հրի ու սրի մատնել բնակչությամբ ոչ մեծ հայ ժողովրդի երկիրը, դաժանորեն հաշվեհարդար տեսնել անհնազանդների հետ, կործանել ճարտարապետական սքանչելի հուշարձանները, կողոպտել ու ոչնչացրել մշակութային արժեքները:

            11-րդ հարյուրամյակի կեսերին Հայաստանը թուրք-սելջուկների ահավոր արշավանքին ենթարկվեց: Կարճատև խաղաղությունից հետո 13-րդ դարում երկիրը նոր աղետի մատնվեց, Հայաստան ներխուժեցին մոնղոլական հրոսակները: Թեև հայ ժողովուրդը հերոսաբար դիմադրեց, սակայն նվաճողները հրով ու սրով երկրում հաստատեցին իրենց լուծը: Հայաստանի բոլոր քաղաքներն ավերվեցին…

             14-15-րդ դարերում Գառնին կողոպտեցին թաթարական հրոսակները: 16-17-րդ դարերում Գառնիի բերդը փլատակների վերածեցին պարսիկ և թուրք նվաճողները: Իսկ 1679 թվականին ուժեղ երկրաշարժ եղավ: Ու մինչև մեր` 20-րդ հարյուրամյակի սկիզբը Գառնիի հուշարձանների փլատակները անմռունչ սպասում էին հետազոտողներին…

            Գառնիի ուսումնասիրման գործին շատ ուժեր է նվիրաբերել Ն. Յա. Մառը: 1909-1911 թթ. Յա. Ի. Սմիռնովի հետ նա նա մաքրեց հեթանոսական տաճարի փլատակները: 1942 թվականին  Բ. Ն. Առաքելյանը շարունակեց պեղումները և բացեց բերդապարիսպների, պալատական համալիրի, անտիկ բաղնիքի մնացորդները: Իսկ ճարտարապետ Ա. Սահինյանը, գիտական սխրանք գործելով, 1975 թվականին ավարտեց հեթանոսական տաճարի վերակառուցումը:

            Ի՞նչ էր ներկայացնում Գառնիի բերդի պաշտպանաամրաշինական համակարգը:

            Բնությունն ասես ինքն էր այս վայրը ստեղծել բերդի համար: Եռանկյունաձև բարձր ժայռի երկու կողմերում խորը կիրճն է: Երեք հարյուր մետր խորությամբ կիրճով հոսում է Ազատ գետը: Անմատչելի են կիրճի բազալտե ուղղաբերձ լանջերը: Հրվանդանի հյուսիսային կողմը հարում է հարթավայրին, որտեղից սովորաբար հարձակվում էին թշնամիները: Հենց այդտեղ էլ ստեղծվել է պաշտպանական հզոր համակարգը` 14 աշտարակ ունեցող ամուր բերդապարիսպը:

            Այն հատվածում, ուր բնական արգելքները դժվարացնում էին բերդին մոտենալը, և հետևաբար, հակառակորդի հարձակումը կարելի էր կասեցնել սակավաթիվ ուժերով, աշտարակներ քիչ կան, միմյանցից 25-32 մետր հեռավորության վրա են: Իսկ այնտեղ, ուր թշնամին կարող էր համեմատաբար անարգել մոտենալ պարիսպներին և, բնականաբար, նրա դեմ պետք էր մեծ ուժեր կենտրոնացնել, աշտարակները խիտ են տեղադրված միմյանցից 10-13.5 մեըր հեռու: Թշնամուն լավ գնդակոծելու համար հյուսիսային պարսպի միջին մասը գոգավոր էր: Աշտարակները ուղղանկյուն էին: Հայկական լեռնաշխարհում ուղղանկյուն աշտարակները գոյություն ունեին դեռևս ուրարտական ժամանակներից: Այդպես են կառուցված Էրեբունի, Թեյշեբաինի բերդերը…

            Գառնիի ինչպես բերդապարիսպները, այնպես էլ աշտարակները կառուցված են տեղի երկնագույն բազալտի խոշոր կտորներով, որոնցից յուրաքանչյուրը 5-8 տոննա կշիռ ունի: Քարերը սրբատաշ են, շարված առանց շաղախի, իրար են միանում երկաթե կեռերով, որոնց միացման անկյուններում կապար է լցված:

            Ուղղաձիգ ուղղությամբ մետաղե կապեր չկան: Այս պատճառով էլ որոշ տեղերում սեյսմիկ ցնցումների հետևանքով քարերը հորիզոնական ուղղությամբ սահել են ու կախվել միմյանց վրա:

            Բերդապարիսպներն ունեցել են ավելի քան 2 մետր հաստություն, 314 մետր երկարություն, մոտ 20 մետր բարձրություն: Առանձնապես շատ են վնասված, քանդված պարիսպների ու աշտարակների արևմտյան և հյուսիսարևմտյան կողմերը և, իբրև կանոն արտաքին մասը: Առանձին վայրերում պահպանված է պարսպի շարվածքաշերտ, 6-7 մետր բարձրությամբ: Քարերի միացման անկյունները ջարդված են և կապարը դուրս է հանված, ըստ երևույթին փամփուշտ պատրաստելու համար, երբ ասպարեզ է եկել հրազենը…

            Դատելով քարերի շարվածքից, Գառնիի բերդապարսպի շինարարության մեջ ակնհայտ են մի քանի շրջաններ, բերդն առնվազն հինգ անգամ վերակառուցվել է: Այդպիսի աշխատանքներից մեկի մասին պատմում է քարի վրա արված փորագրությունը:

            Բերդ տանող դարպասը միակն է` մուտքը նեղ: Անմիջապես մուտքի մոտ, աջ կողմում գտնվում է հունարեն գրությամբ մի քար. <<Հելիոս… Տրդատ Մեծ, տերը Մեծ Հայաստանի… Տիրակալը թագուհու համար կառուցեց տաճարն ու բերդն այս անառիկ իր թագավորության 11-րդ տարում…>>: Տրդատ 1-ինի թագավորության 11-րդ տարին մեր դարաշրջանի 77 թվականն է:

            Այս քարն իր պատմությունն ունի: Հիշատակել է Մովսես Խորենացին: Այն կորցված էր համարվում, 1945 թվականին Մարտիրոս Սարյանը պատահաբար գտավ գյուղական գերեզմանոցում: Քարը բերդից տարել էին մի քանի դար առաջ և ինչ-որ մեկի գերեզմանաքար դարձրել: Այն վերադարձվեց բերդ և փորագրությունը մի շարք գիտնականների հետազոտության առարկա դարձավ: Մասնավորապես, խորը հետազոտություն կատարեց ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Կ. Վ. Տրեվերը: Բերդապարսպի վերակառուցումից հետո քարը կզբաղեցնի իր տեղը:

            Բերդի տարածքը 3.5 հա է: Ներսում եղել է աշխարհիկ և պաշտամունքային շինություններ. Հեթանոսական տաճար, խճանկար հատակով բաղնիք, պալատական շենքեր:

            Մերձավոր և Միջին արևելքի երկրների, ներառյալ նաև Հայաստանը, պատմության մեջ հստակորեն առանձնանում է <<հելլենիստական>> կոչված դարաշրջանը: Հայաստանում հելլենիզմի դրսևորումը հայտնի է արդեն մ. թ. ա. 3-րդ դարի վերջից, այս են վկայում Հայաստանի հինավուրց մայրաքաղաքների` Արմավիրի, Արտաշատի պեղումները:

            Գառնիի տաճարը Հայաստանում հելլենիստական մշակույթի գլխավոր հուշարձանն է, գլուխգործոցը: Այն կատարելապես միակն է նաև Սովետական Միության տարածքում:

            Գառնիի հեթանոսական տաճարի համառոտ <<կենսագրությունը>> այսպիսին է:

            Տաճարը կառուցել են բերդի ամենաբարձր մասում, մ. թ. 1-ին դարի երկրորդ կեսին, Տրդատ 1-ինի հրամանով: Այն նվիրել են հեթանոսական աստծուն` արևի աստված Միհրին:

            301 թվականից Հայաստանը քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: Պատմիչների վկայությամբ Տրդատ 3-րդի զորքերը հրով ու սրով հաստատում էին նոր կրոնը, անողոքաբար ոչնչացնում հեթանոսական տաճարները, աստվածների մարմարյա արձանները, այրում էին գրքերը. Հեթանոսական ամեն ինչ հրի էր մատնվում… Հեթանոսական կենտրոնների տեղերում քրիստոնեական եկեղեցիներ էին կառուցում: Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ` Խոսրովդուխտի շնորհիվ: Վերջինիս խնդրանքով այս պաշտամունքային կառույցը <<Խոսրովդուխտի զովատուն են դարձնում: Սահմանափակվում են միայն ոչնչացնելով հեթանոսական աստծու պատկերները: Տաճարի շենքը աշխարհիկ նշանակություն է ստանում ու հատկապես որպես այդպիսին 5-րդ դարից սկսած բազմիցս հիշատակվում է հայ հեղինակների մոտ: 7-րդ հարյուրամյակում տաճարին անմիջապես կից կառուցվում է կլոր հատակագծով եկեղեցի, որ նման է Զվարթնոցին:

            Տաճարն անվնաս կանգուն մնաց մինչ 1679 թվականը և կործանվեց երկրաշարժի հետևանքով: Տաճարի ավերակները շատ գիտնականների և ճանապարհորդների են գրավել: Շարդեն, Մորիեր, Կեր-Պորտեր, Թելֆեր, Շանտր,նաազե, Մառ, Սմիռնով, Ռոմանով, Բունիաթյան, Տրեվեր, Մանանդյան… ֆրանսիացի գիտնական Դյուբուա դ’Մոնցերեն 1834 թվականին փորձում է մոտավոր ճշտությամբ պատրաստել տաճարի վերակառուցվածքը: 19-րդ դարի վերջին գաղափար է ծնվում տաճարի մասերը փոխադրել Թիֆլիս, կովկասյան փոխարքայության կենտրոն, և շարել ցարական փոխարքայի պալատի առջև: Բարեբախտաբար, համապատասխան փոխադրամիջոցների բացակայության պատճառով, այդ գաղափարը չիրականացավ:

            20-րդ դարի սկզբին Ն. Յա. Մառի ղեկավարած ոչ մեծ խումբը սկսեց տաճարի մասերը հողից ազատելու և տաճարը չափելու աշխատանքը:

            30-ական թվականների սկզբին Երևանի ճարտարապետ Ն. Գ. Բունիաթյանը հանձնարարությամբ հետազոտեց Գառնիի տաճարը և 1933 թվականին տվեց նախնական տեսքի վերակերտվածքը: Գառնիի հեթանոսական տաճարը վերակառուցելու կոչ էր անում ակադեմիկոս Ի. Ա. Օրբելին:

            60-ական թվականների կեսերին տաճարի վերականգնումը հանրապետության մշակութային կյանքի կարևորխնդիր դարձավ, վերականգնման աշխատանքները հանձնարարվեցին ճարտարապետ Ա. Ա. Սահինյանին և նա գիտական սխրանք գործեց: Շուրջ տասը տարի քրտնաջանորեն աշխատեցին հայ հիանալի վարպետները: Տաճարը վերականգնելն, ըստ երևույթին, ավելի դժվար էր, քան իր ժամանակին կառուցելը: Որոշ տեսակետից նույնիսկ ավելի բարդ էր. Հարկավոր էր գտնել պահպանված յուրաքանչյուր քարի տեղը: Գառնիի հեթանոսական տաճարը վերականգնվեց 1975 թվականին:

            Հայկական մշակույթի և արվեստի այս եզակի հուշարձանը կառուցված է բազալտի սրբատաշ, շուրջ երկու մետր երկարությամբ քարերով, որոնք ամրացված են կեռերով ու սռնիներով: Տեղ-տեղ հազիվ նկատելի են նորոգման հետքերը: Տաճարը հելլենիստական ճարտարապետական ձևեր ունի և իր ժամանակի այլ երկրների հուշարձաններից տարբերվում է զուտ Հայաստանի ճարտարապետությանը բնորոշ մասերով ու զարդանկարներով:

            Ճակատի լայնքով մեկ ձգվում են 30 սանտիմետր բարձրությամբ ինը զանգվածային աստիճաններ, որոնք կառույցը վեհաշուք և հանդիսավոր են դարձնում: Աստիճանների կողքերի սյուները զարդարված են բարձրաքանդակներով, որոնք պատկերում են մերկ, մեկ ծնկի վրա հենված, վեր պարզած ձեռքերով զոհասեղանների ծանրությունը պահող անտլանտները:

            Տաճարն ամբողջ կոմպոզիցիայով պերիպտեր է: Հատակագիծը սյունասրահ ունեցող մի ուղղանկյուն դահլիճ է ներկայացնում, որոնք դրսից` կարճ ճակատամասում 6 սյուն ունեն, իսկ երկար ճակատամասում` 8: Տաճարի դետալները, ի տարբերություն հունահռոմեական կառույցներում հանդիպող միօրինակության, բազմապիսի են, ունեն տեղական, արևելյան արվեստին բնորոշ առանձնահատկություններ: Զարդանկարների մեջ ականթի տերևի բազմաթիվ տարբերակների կողքին առկա են հայկական մոտիվները. Նուռ, խաղող, ընկույզի տերևներ, ծաղիկներ: Բազալտի վրա արված քանդակները հայ վարպետների բարձրարվեստ աշխատանքի վկայություն են: Կամարով ծածկված ուղղանկյուն սրբավայր են տանում ոչ բարձր գավիթները: Սրբավայրի մուտքը զարդանկարներով հարուստ շրջակալ ունի: Սրբավայրի չափերը մեծ չեն: Այստեղ միայն երկրագործության արձանն է եղել: Այս ոչ մեծ տաճարը ծառայում էր արքային ու նրա ընտանիքին: Տաճարի հարուստ պաճուճանքը ընդգծում է դրա առաջնային դերը պալատի հրապարակի անսամբլի մեջ:

            Պալատի համալիրը գտնվել է բերդի մուտքից հեռու գտնվող հարավային մասում, իսկ հյուսիսային մասում տեղավորվել են թագավորի զորքն ու սպասարկող անձնակազմը: Շքասրահը գտնվել է տաճարից արևմուտք, զառիթափի եզրին: Հյուսիսից դրան հարել է երկհարկանի բնակելի շենքը: Ծեփի վրա պահպանված վարդագույն և կարմիր ներկերի հետքերը հիշեցնում են պալատի հարկաբաժինների և շքասրահների հարուստ կահավորանքը:

            Անտիկ շրջանի Հայաստանի արվեստի բարձր մակարդակի վկայություն է նաև կիսաավերված բաղնիքը, որ գտնվում է հեթանոսական տաճարից 50 մետր հյուսիս-արևմուտք: կառուցվել է 3-րդ դարում, ջարդված քարից և կրի շաղախով, առնվազն հինգ սրահ է ունեցել: Դատելով պահպանված պատերից, արևելյան կողմից առաջինը հանդերձարան է եղել, երկրորդը` սառը ջրի լողասրահ, երրորդը` տաք ջրի,չորրորդը` եռացող ջրի, հինգերորդը ծառայել է որպես ջրի պահեստ, ներքնահարկում ունենալով ջեռուցման բաժին: Հատակին երկու շերտով շարել են անջրաթափանց ծեփվածքով քառակուսի, թրծված աղյուսենր: Հատակները հենվել են աղյուսի կլոր սյուների վրա և տաքացել ներքնահարկի ջեռուցման բաժնի տաք օդով և ծխով:

            Բաղնիքը հայտնաբերվեց 1953 թվականի պեղումների ժամանակ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում երեք դուռ և պայտաձև ապսիտ ունեցող առաջին սենյակը: Ապսիտում զետեղված է եղել սառը ջրի ավազանը: Նախաբաղնիքը խճազարդ հատակ է ունեցել: Սա հին հայկական մոնումենտալ գեղանկարչության նմուշ է: Ծովի բաց-կանաչ ֆոնին պատկերված են ձկներ, առասպելական էակներ, օվկիանոսի և ծովի աստվածներ: Շրջանակի վերին մասի երկայնքով գրված է. <<Աշխատեցինք ոչինչ չստանալով>>,որի նշանակությունը դեռևս պարզաբանված չէ:

            Գառնիի հուշարձանները հայկական մշակույթի բարձր մակարդակի և Մերձավոր արևելքի հելլենիստական երկրների հետ նրա ունեցած սերտ կապերի վկայություն են: